Արթուր Վանեցյանն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր

10:55, 9 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի վարչական համալիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, այցի նպատակն էր տեղում ծանոթանալ աշխատանքային ընթացքին, ղեկավար կազմի հետ քննարկել նախորդ վեց ամիսների կատարված աշխատանքները:

Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրել է կիսամյակային հաշվետվությունը, անդրադարձել առկա խնդիրներին:

Հաշվետվությունը և ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ զեկույցները լսելուց հետո ծառայության տնօրենը նշել է իր դիտողությունները և հանձնարարել հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել համապատասխան շտկումներ:

Այցի ընթացքում քննարկվել են նաև Սահմանապահ զորքերում սպասվող կառուցվածքային փոփոխությունները: Տնօրենը շեշտել է, որ այդ փոփոխությունները միայն կնպաստեն արդեն իսկ կայացած ռազմական կառույցի էլ ավել արդյունավետ և համակարգված աշխատանքներին:

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շրջել է նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի համալիրում, եղել ավտոպարկում, ծանոթացել սպորտային համալիրի և կինոլոգիական կենտրոնի պայմաններին:

 

 


© 2009 ARMENPRESS.am