Wildside-ը հրավիրում է նկարահանվել Պաոլո Սորրենտինոյի «Նոր պապը» սերիալում

20:02, 6 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Wildside արտադրական կազմակերպությունը փնտրում է հայերի, ովքեր կցանկանան նկարահանվել Պաոլո Սորրենտինոյի «Նոր պապը» (The New Pope) հեռուստատեսային սերիալի նոր էպիզոդներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջից:

Ըստ հայտարարության՝ կարող են դիմել ցանկացած տարիքի կանայք, տղամարդիկ և երեխաներ, իսկ աշխատանքային փորձը պարտադիր չէ: Ներկայումս կազմակերպությունը հավաքում է հետաքրքրված թեկնածուների նկարները, իսկ ընտրվելու դեպքում տվյալ անձինք կհրավիրվեն հարցազրույցի:
Նկարահանումները տեղի են ունենալու Հռոմում, 2018թ. նոյեմբերին: Դիմելու համար անհրաժեշտ է նկարներն ուղարկել gaiff@gaiff.am էլեկտրոնային հասցեին:

«Wildside արտադրական կազմակերպությունը կապվել է «Ոսկե ծիրանի» հետ` խնդրելով տարածել հետևյալ տեղեկությունը: Փառատոնը հավաքելու է հավաքված նկարները և ուղարկելու է կազմակերպությանը, և չի մասնակցելու ընտրության գործընթացին: Ներքևում նշված հայտարարության տեքստը հիմնված է Wildside-ի ուղարկած նամակի վրա, որը չի պարունակում որևէ տեղեկություն նկարների քանակի կամ տեսակի վերաբերյալ: Մենք առաջարկում ենք ուղարկել 4-5 նկար, այդ թվում մեկ դիմանկար: Խնդրում ենք նկարներն ուղարկելիս, վերնագրում նշել անուն ազգանուն: photos for The New Pop: Ընտրված մասնակիցների հետ կկապվեն Wildside կազմակերպության ներկայացուցիչները: Կազմակերպությունը չի հոգալու մասնակիցների ճանապարհորդության և կեցության ծախսերը»,-նշված է հայտարարությանը կից տեքստում:

Լուսանկարներն ուղարկելու վերջնաժամկետն է օգոստոսի 15-ը:

«Նոր պապը» կլինի Սորրենտինոյի «Երիտասարդ պապը» հանրահայտ հեռուստասերիալի շարունակությունը: Գլխավոր հերոսը ամերիկացի 47-ամյա կարդինալ Լեննի Բելարդոն է, որը դարձել է պատմության ամենաերիտասարդ Հռոմի պապերից մեկը՝ Պիոս XIII-ը (չշփոթել նույնանուն հակապապի հետ): Գրավել այդ տեղը նրան թույլ տվեցին փորձառու կարդինալների միջև ծագած վեճերը:

imdb.com կայքը տեղեկացնում է, որ նոր հեռուստասերիալում խաղալու են Ջուդ Լոուն, Ջոն Մալկովիչը, չի բացառվում նաև՝ Շերոն Սթոունը:

 


© 2009 ARMENPRESS.am