Արցախի ԿԳ նախարարի կարծիքով, Հայաստանի և Արցախի կրթական հաստատություններում համակարգի բարեփոխումների անհրաժեշտություն կա

15:28, 2 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Արցախի կրթական հաստատություններում համակարգի բարեփոխումների անհրաժեշտություն կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը։

Նրա խոսքով՝ խնդիրներ կան կապված մասնագետների վերապատրաստման հետ։  «Իրականացվում են վերապատրաստման դասընթացներ, բայց դրանց սկզբունքներն ու նպատակը փոխելու անհրաժեշտություն կա։ Երկու հանրապետությունում էլ խնդիր կա փոքր համակազմ ունեցող դպրոցների մասով, ինչն Արցախում ավելի ընդգծված է։ Արցախում շատ դպրոցներ կան, որտեղ երեխաների թիվը չի անցնում քսանից, սա լուրջ խնդիր է՝ որակյալ կրթություն ունենալու համար»,- ասաց Նարինե Աղաբալյանը, համատեղ աշխատելու և լուծումներ գտնելու պատրաստակամություն հայտնելով:

Նախարարը նշեց, որ ինչպես մյուս բոլոր ոլորտներում, կրթության ոլորտում ևս Արցախի Հանրապետությունը առաջնորդվում է նույն իրավական կարգավորումներով, սկզբունքներով, ինչ ՀՀ-ն։ «Մենք ակնկալում ենք, որ այսուհետ ոչ թե կողքից դիտողի դերում կլինենք, այլ ինքներս կմասնակցենք ցանկացած ծրագրի՝ հենց քննարկման փուլում: Այսօր մենք պետք է կարողանանք այնպիսի լուծում գտնել, որը մեզ հնարավորություն կտա և արդյունավետ օգտագործել մեր ռեսուրսները, և կարողանալ բոլոր երեխաների համար ապահովել մատչելի ու որակյալ կրթություն։ Գիտեք՝ մենք միացել ենք Բոլոնյան գործընթացին, բայց այդ գործընթացի բոլոր սկզբունքները կիրառելի չեն Արցախում՝ հաշվի առնելով առանձնահատկությունները, քանի որ մեր դպրոցները նաև անվտանգության խնդիր են լուծում»,-հավելեց Աղաբալյանը։


© 2009 ARMENPRESS.am