«Հ. Գյուլիքեվխյանի անվան Հ. 103 ավագ դպրոց»-ը կվերակազմակերպվի «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի  

13:13, 2 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրի որոշմամբ «Հ. Գյուլիքեվխյանի անվան Հ. 103 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը կվերակազմակերպվի «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 2-ի նիստում:

Հիմնավորման համաձայն՝ կարգավիճակի փոփոխությունը կնպաստի դպրոցի կառավարման արդյունավետության բարձրացմանը, չինարենի խորացված ուսուցման ծրագրերի իրականացման համար տարբեր աղբյուրներից, այդ թվում նաև Սփյուռքից ներդրումների ապահովմանը: Արդյունքում՝ հիմնադրամի կարգավիճակ ստացած դպրոցը կդառնա տեխնիկապես հագեցած չինական թեքումով հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանցի առաջին օղակը և չինական ուսուցմամբ  դպրոցների ուսումնամեթոդական կենտրոնը, ուր վերապատրաստումներ կանցնեն   չինարենի ուսուցման  ուսուցիչները: Դպրոցի սովորողները և շրջանավարտները խորությամբ կտիրապետեն հայոց և չինարեն  լեզուներին, կծանոթանան Հայաստանի և Չինաստանի մշակույթին, աշխարհագրությանը: Նրանք հանգամանորեն կուսումնասիրեն հայ և չինական մշակույթի և քաղաքակրթության նվաճումները: Այստեղ  մշտապես կգործի ամառային դպրոց, որտեղ Չինաստանի, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երեխաների մասնակցությամբ կանցկացվեն օլիմպիադաներ, հետազոտական աշխատանքներ, արշավներ և այլ միջոցառումներ:

 


© 2009 ARMENPRESS.am