Քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող. Սասուն Խաչատրյանը Լավրովի հայտարարության մասին

11:45, 2 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն, ասաց, որ քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ ՀՔԾ պետն այն պաշտոնյան չէ, ով պետք է մեկնաբանի այլ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերը, ինքը ներկայացնում է իր կարծիքը:

«Այս գործընթացը խիստ իրավական ընթացակարգերում է, և շահարկողներին, ովքեր բազմիցս  ասել են, թե իբր ՀՔԾ մեղադրանքի որոշման մեջ կասկածի տակ է դրվում ընտրությունների արդյունքները, ուզում եմ պաշտոնապես տեղեկացնել, որ մեր որոշման մեջ նման դրույթ չկա: Մենք կասկածի տակ չենք դրել ընտրության արդյունքները: Մենք ընդամենը նշել ենք, որ քաղաքացիները, որոնք ընտրությունների արդյունքները համարել են կեղծված, դուրս են եկել փողոց իրենց իրավունքները վերականգնելու համար»,-ասաց Սասուն Խաչատրյանը:

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից:

 


© 2009 ARMENPRESS.am