Փաշինյանը ստորագրել է որոշում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին

17:25, 31 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է e-gov.am կայքը:

Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 2018 թվականին Հայաստանի Հանրա-պետությունում Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով՝ 
1. Ստեղծել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովին՝ մեկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին զեկուցել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների ընթացքի մասին»։ 


© 2009 ARMENPRESS.am