Մարտունի քաղաքում մեկնարկեց «Սեւանա լիճ-2018» բռնցքամարտի մանկապատանեկան բաց առաջնությունը

11:38, 31 Հուլիս, 2018

ԳԱՎԱՌ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի հանրային լողափին կից տարածքի բացօթյա ռինգում մեկնարկեց «Սեւանա լիճ-2018» բռնցքամարտի մանկապատանեկան առաջնությունը, որին մասնակցում են Երեւանի եւ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի 9-16 տարեկան 150 բռնցքամարտիկներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մրցաշարի կազմակերպիչ, Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն Գեւորգ Սարգսյանը, «Սեւանա լիճ-2018» անվանումը կրող մրցաշարը կազմակերպվում է արդեն երրորդ տարին անընդմեջ եւ նվիրվում է ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, գնդապետ Ատոմ Պողոսյանին: «Մրցաշարի նկատմամբ բավականին մեծ է հետաքրքրությունը, քանի որ այստեղ ժամանել են 3-ական թիմեր Երեւանից ու Վանաձորից, մեկական թիմեր՝ Աբովյան, Արարատ եւ Ճամբարակ քաղաքներից, Նորատուս եւ Լիճք գյուղերից: Մասնակիցների թվում է նաեւ Մարտունու մարզադպրոցի թիմը, որը վերջերս հաղթանակներով վերադարձավ Վրաստանում կայացած առաջնություններից: Մայրաքաղաքը ներկայացնում են «Դինամո» ակումբը եւ «Հայաստան» մարզական միությունը: Սպասվում է շատ լարված ու հետաքրքիր պայքար, որը դիտում են նաեւ հանրային լողափ ժամանած բազմաթիվ հովեկներ: Մրցաշարի եզրափակիչ մարտերին պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա կգտնվի Ատոմ Պողոսյանը»,-ներկայացրեց Գեւորգ Սարգսյանը: Մրցաշարի փակումը եւ պարգեւատրումները տեղի կունենան օգոստոսի մեկին:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am