Ադրբեջանը խախտում է Ժնևի կոնվենցիան և թույլ չի տալիս ԿԽՄԿ-ին այցելել գերության մեջ հայտնված Կարեն Ղազարյանին

11:14, 31 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն 2 շաբաթից ավել է, ինչ Ադրբեջանի տարածքում չպարզված հանգամանքներում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի ճակատագրից ոչ մի տեղեկություն չկա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի 106-րդ հոդվածը, մինչ այսօր չի թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին այցելել նրան»- նշեց Բալայանը:

Նա հիշեցրեց, որ խնդրի առնչությամբ հատուկ հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Սույն հարցը մեր ուշադրության կենտրոնում է, աշխատանքները շարունակվում են»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակերպմամբ, դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի Է վերցվել։Այս հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից նշվող անձն իրականում Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն է, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։


© 2009 ARMENPRESS.am