Փորձ է արվում հնարավոր պատուհան  գտնել Փաշինյան-Թրամփ հանդիպման համար. ԱՄՆ դեսպան

17:54, 25 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  հանդիպման համար փորձ է արվում հնարավոր պատուհան  գտնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ԱՄՆ դեսպանատանը  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նրա խոսքով՝  այս պահին հանդիպման մասին որոշում դեռևս կայացված չէ: «Դիտարկվում է հնարավորությունը, որ ԱՄՆ նախագահի ու ՀՀ վարչապետի միջև հանդիպում կայանա՝ Նյու Յորքում ,ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում»,- ասաց նա:

Միլսի խոսքով՝ Միացյալ Նահանգների կառավարությունն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը գոհ են երկկողմ հարաբերություններից բարձրաստիճան մակարդակով: «Վերջին 6 շաբաթների ընթացքում նախագահ Սարգսյանն է եղել Վաշինգտոնում, հանդիպում է ունեցել պետքարտուղարի հետ,  առաջին փոխվարչապետն է այցելել Միացյալ Նահանգներ, այժմ ԱՄՆ –ում է գտնվում արդարադատության նախարարը»,- հավելեց  դեսպանը:

ՀՀ վարչապետը  Նյու Յորք է մեկնելու սեպտեմբերին:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հուլիսի 24-ին «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեսաուղերձի միջոցով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպմանը: «Առաջիկայում նախատեսվող այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը սեպտեմբերին պետք է մեկնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու, և ահա այցի շրջանակներում կոնգրեսականները նպատակահարմար են գտնում կազմակերպել Փաշինյան-Թրամփ հանդիպումը, ինչի մասին կոնգրեսում ստորագրահավաք են սկսել և նամակ են հղում նախագահ Թրամփին»,- նշել էր ՀՀ առաջին փոխվարչապետը:


© 2009 ARMENPRESS.am