Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները

09:56, 23 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ և դեսպանատան աշխատակիցներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կողմերը շեշտել են երկու երկրների միջև առկա համագործակցությանը նոր թափ և որակ հաղորդելու անհրաժեշտությունը՝ հատկապես բնապահպանության ոլորտում։

Նախարար Էրիկ Գրիգորյանը հատկանշել է անտառների կառավարման և օդի առցանց մոնիթորինգի իրականացման բնագավառում Չինաստանի ունեցած հաջողված փորձի ներդրման ուղղությամբ գործնական քայլեր կատարելու անհրաժեշտությունը։ Մասնավորապես՝ նախարարը հայտնել է, որ Հայաստանը հետաքրքրված է դեգրադացված հողերում անտառներ հիմնելու Չինաստանի փորձով և Բնապահպանության նախարարությունն արդեն դիմել է վերջինիս՝ Հանրապետության համապատասխան տարածքներում անտառտնկման փորձնական ծրագիր իրականացնելու առաջարկով։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բնապահպանության ոլորտի աշխատակիցների մասնագիտական կարողությունների մեծացման նպատակով  վերապատրաստման կոնկրետ  ծրագրեր իրականացնելու հեռանկարներին։


© 2009 ARMENPRESS.am