Թալանել են Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի տունը

16:33, 20 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թալանել են Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի տունը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը:

«Ձեռքի տակ եղած իրերն են կարողացել տանել` նոութբուք, գումար, կանացի ժամացույց. ամբողջը չեն կարողացել տանել»,- ասաց Արմեն Սարգսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հյուպատոսի տուն ներխուժածները դեպքի վայրում գողության հետքեր են թողել:

«Տանից դուրս գալիս թողել են իրենց գործիքները»,- նշեց Սարգսյանը:

Հուլիսի 19-ին Արմեն Սարգսյանը դիմել է ոստիկանություն, իսկ նախապատրաստված նյութերը ոստիկանությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեին:

Քննչական կոմիտեի հետ առայժմ կապ հաստատել չի հաջողվել:


© 2009 ARMENPRESS.am