Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի ԱԳՆ-ների միջև

19:11, 18 Հուլիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 17-ին Բուխարեստում անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, ռումինականը՝ ԱԳՆ Արևելյան հարևանության հետ հարաբերությունների գլխավոր վարչության պետ, Արևելյան գործընկերության հարցերով հատուկ հանձնակատար Ադրիանա Ստանեսկուն: Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը նույնպես մասնակցում էր խորհրդակցություններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից,խորհրդակցությունների ընթացքում մանրամասն քննարկվեց հայ-ռումինական հարաբերություններին առնչվող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ քաղաքական, տնտեսական, մշակութային երկխոսության, ինչպես նաև ոլորտային տարբեր ուղղություններով համագործակցությունը խթանելուն ուղղված քայլերը։

Հայկական կողմը շնորհակալություն հայտնեց ռումինական իշխանություններին՝ ռումինահայ մշակութային ժառանգության պահպանման ու հայ համայնքի հանդեպ Ռումինիայի իշխանությունների հոգատար վերաբերմունքի համար:
Կողմերն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերությունների, Արևելյան գործընկերության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության ընդլայնման հեռանկարներին:

Ռումինական կողմին ներկայացվեցին Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կարևորությանը,  Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտնգությանն առնչվող այլ խնդիրների:

© 2009 ARMENPRESS.am