Ասֆալտապատվում է Հայրավանքի եկեղեցի տանող ճանապարհը

14:41, 18 Հուլիս, 2018

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական հրաշալիքներից մեկը համարվող Հայրավանքի ճանապարհի եւ շրջակայքի բարեկարգման նպատակով պետական միջոցներից հատկացվել է 34,5 միլիոն դրամ, ինչի հաշվին պետք է ասֆալտապատվի 500 մետր երկարության ճանապարհ` շուրջ 2900 քառակուսի մետր մակերեսով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, եւս 400 քմ մակերես կզբաղեցնի Հայրավանքի գավթի հրապարակը, որի հիմքը շարվելու է տուֆով եւ ծածկվելու է ասֆալտբետոնյա շերտով: Շինարարական աշխատանքներն ընթանում են ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատվիրատվությամբ: Շինարարությունը մեկնարկել է հուլիսի սկզբներից եւ կավարտվի առաջիկա երեք ամիսների ընթացքում: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն:
«Հայրավանքը կամ Աղավնավանքը ոչ միայն Միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական հրաշալիքներից է, այլ նաեւ հայ ժողովրդի գլխավոր ուխտատեղիներից ու սրբավայրերից մեկը, որտեղ տարվա ընթացքում բազմահազար ուխտավորներ ու օտարերկրացի զբոսաշրջիկներ են այցելում: Այս հույժ կարեւոր ծրագիրը մեր խնդրանքով ընդունել էր նախկին կառավարությունը, որը կյանքի կոչվեց նոր կառավարության օրոք: Ամեն դեպքում հայտնում ենք մեր երախտագիտությունը հայրենի կառավարությունից, որ ընդառաջեց մեր համայնքի խնդրանքին: Շատ ավելի հաճելի է տեսնել, թե ինչպես է Հայրավանքն ուխտավորներին ու զբոսաշրջիկներին դիմավորում միանգամայն բարեկարգ ճանապարհով ու հրապարակով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայրավանք համայնքի ղեկավար Սասուն Համբարձումյանը:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am