«Բիզնես Արմենիա»-ն եւ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը համագործակցության նոր հուշագիր կնքեցին

21:41, 16 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը հուլիսի 16-ին ընդունել է «Բիզնես Արմենիա»-ի  (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամի) գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին -«Արմենպրես»--ին տեղեկացրին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից: Նախարարը ողջունելով հյուրերին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և համագործակցության պատրաստակամության համար. «Մենք ուշադրությամբ հետևում ենք «Բիզնես  Արմենիա»-ի աշխատանքներին՝ թե′ Հայաստանում և թե′ արտերկրում: Պիտի փաստենք, որ ոգևորված ենք ձեր կողմից կատարվող աշխատանքներով: Գիտեմ, որ անտարբեր չեք նաև Արցախի խնդիրներին, և ուրախ եմ, որ պատրաստակամություն եք հայտնել Արցախին օգնելու և մեր համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար»,-ասել է Լևոն Գրիգորյանը:

Արմեն Ավակ Ավակյանն էլ նշել է, որ Արցախի հետ համագործակցությունն արդեն ամուր հիմքեր ունի և արցախյան որոշ ընկերություններ ընդգրկվել են հայաստանյան և միջազգային ցուցահանդեսներում.«Մենք աջակցում ենք արցախյան ընկերություններին մասնակցել արտերկրում կազմակերպվող ցուցահանդեսներին: Այս առումով արդեն հաջողություններ ունենք: Սակայն, ցավոք, Արցախում ներդրումային դաշտով դեռ չենք զբաղվել, բայց պատրաստակամ ենք մեր բոլոր գործիքակազմը ներդնել, աջակցել և ամբողջությամբ մտնել այդ գործընթացի մեջ»,-ասել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրենը:

Հայաստանյան գործընկերների հետ աշխատանքային համագործակցության նոր փուլի հիմքը հանդիսացավ «Բիզնես Արմենիա»-ի  և ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության միջև համագործակցության համաձայնագրի կնքումը:

Օրվա երկրորդ կեսին պատվիրակությունը նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորությամբ բերդաքաղաք Շուշիում էր: Այնտեղ կլոր սեղանի շուրջ քննարկվեցին երկու գերատեսչությունների միջև համագործակցության նոր ծրագրերը, գործարար շրջանակների համագործակցության խնդիրները, ինչպես նաև աշնանը Արցախում նախատեսվող  բիզնես համաժողովի կազմակերպման և ծրագրերի մշակման հարցերը:


© 2009 ARMENPRESS.am