Հայաստանը, որպես ՆԱՏՕ-ի գործընկեր երկիր, բավական պատշաճ կատարում է իր առջև դրված պարտավորությունները.Նարեկ Մինասյան

16:55, 16 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը կարևոր էր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում քաղաքագետ Նարեկ Մինասյանը նշեց, որ նախ այն ճանաչողական բնույթ ուներ, հենց այցի շրջանակում ՀՀ վարչապետը հնարավորություն ունեցավ ծանոթանալ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների ներկայիս վիճակը , հարաբերությունների խորացման հեռանկարները:

«Եվ, ըստ էության, կարևորվում էր այն հանգամանքը, որ Հայաստանը, որպես ՆԱՏՕ-ի գործընկեր երկիր, բավական պատշաճ կատարում է իր առջև դրված պարտավորությունները: Մամուլում ուշադրության արժանացավ ՆԱՏՕ-ի կոմյունիկեում տեղ գտած ձևակերպումները:  Պետք է ընդգծել, որ այդ ձևակերպումներն ինչ-որ առումով իրենց մեջ հակասություն են պարունակում: Մասնավորապես, եզրափակիչ այդ փաստաթղթում ֆիքսված է, որ կառույցն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, սակայն մյուս կողմից նշվում է, որ կառույցը կարևորում է խնդիրների խաղաղ կարգավորման գործընթացը՝ հիմնված միջազգային նորմերի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Իսկ ինքնորոշման իրավունքն ու ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը Հելսինկյան եզրափակիչ ակտի կարևոր բաղադրիչներից է»,-ասաց Նարեկ Մինասյանը:

Քաղաքագետը նշեց, որ տարբեր տարիներին նման ձևակերպումների հետ կապված նախկինում Հայաստանը նախընտրել է չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որոշ դեպքերում մասնակցել է: Այս տարի ևս բրյուսելյան այցն օգտագործվեց, որ անկախ եզրափակիչ ակտում տեղ գտած ձևակերպումներից, հարթակն օգտագործվեց հայկական կողմի մոտեցումները բարձրաձայնելու համար:

«Հարցադրում էր շրջանառվում, թե արդյոք պետք էր գնալ Բրյուսել, թե ոչ: Եթե հաշվի առնենք հանդիպումների այն լայն սպեկտորը, որը տեղի ունեցավ բրյուսելյան այցի շրջանակներում, ինչպես նաև այն հանգամանքը, որ անկախ մեր գնալ չգնալուց  միևնույն է այդ փաստաթուղթն ընդունվելու էր և գոնե ներկա լինելու պարագայում հայկական կողմը հնարավորություն ուներ բարձրաձայնել սեփական մոտեցումները ղարաբաղյան հակամարտության հետ կապված, ապա կարծում եմ, որ միանշանակ Հայաստանի մասնակցությունն արդարացված էր»,-ասաց Նարեկ Մինասյանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am