Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախումբը Հայաստանում հանդես է գալիս համերգներով

14:23, 16 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի ազգային օպերայի մանկական և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբերը համատեղ ելույթ կունենան հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Կոմիտաս փառատոնի» շրջանակում Հայաստան է ժամանել «Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախումբը»:

«Մեր երգչախմբի առանձնահատկությունն այն է, որ ներկայացնելու ենք հայկական և ֆրանսիական օպերային, հոգևոր երաժշտություն: Փորձել եմ այնպիսի երաժշտություն գտնել, որը երկու երկրներին էլ հարիր լիներ: Այս ճամփորդությունը առիթ կլինի, որ ֆրանսիացի երեխաները ոչ միայն Հայաստանը ճանաչեն, այլ նաև ծանոթանան հայկական երաժշտությանը և հայ կոմպոզիտորներին»,- ասաց Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախմբի ղեկավար Գաել Դարշենը:

Երգչախմբի ելույթները կկայանան Երևանում, Հառիճավանքում, Գյումրիում, Դիլիջանում, Գառնիում և Գեղարդում: Երևանյան համերգի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը: Այն տեղի կունենա հուլիսի 17-ին, որին կմասնակցի նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

«Ֆրանսիայում տասնյակ հազարավոր երգչախմբեր կան, այդ թվում՝ նաև մանկական: Սակայն այս երգչախումբը լավագույն երեքից մեկն է: Ես ուրախ եմ, որ այդ մակարդակի երգչախումբ է գալիս Հայաստան: Սա մի երգչախումբ է, որն ընդգրկում է 500-600 երեխա, սակայն այս անգամ Հայաստան են ժամանել նրանցից 52-ը»,- նշեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, «Կոմիտաս փառատոնի» ղեկավար Տիգրան Հեքեքյանը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային խորհրդական Ալեքս Բորտոլան կարևորում է, որ համերգային այս ծրագիրը կայանում է հենց այս տարի, երբ Հայաստնում պետք է կայանա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը. «Այս տարի մշակութային համագործակցության մեջ առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում երգին և երգեցողությանը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովով պայմանավորված` այս տարի ֆրանսերենը Հայաստանում ուշադրության կենտրոնում է, և հատկապես երգեցողության միջոցով ֆրանսերենը առանձնահատուկ կերպով է ներկայացվում»:


© 2009 ARMENPRESS.am