«Ելք»-ը պատրաստվում է արտահերթ ընտրությունների. խմբակցությունը քննարկում է դաշինքով կամ առանձին մասնակցելու հարցը
14:03, 16 Հուլիս, 2018ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ելք» խմբակցությունը գնում է քաղաքային իշխանությունը վերցնելու և պատրաստվում է արտահերթ ընտրությունների:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Խմբակցության անդամներն ինչպես նախապես հայտարարել էին, չառաջադրեցին քաղաքապետի թեկնածու, չմասնակցեցին Երևանի ավագանու արտահերթ նիստին, սակայն նրանք քաղաքապետարանում էին և հետևում էին իրադարձություններին:
«Մենք չմասնակցեցինք ավագանու նիստին, որովհետև նախապես հայտարարել էինք, որ քաղաքապետի թեկնածու չենք առաջադրելու և արտահերթ ընտրությունների ենք գնում»,- նշեց Խաժակյանը։
Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ հուլիսի 16-ին չկայացավ ավագանու արտահերթ նիստը, և թեկնածուն չընտրվեց, քաղաքի փաստացի անիշխանության վիճակը չի կարող երկար շարունակվել:
«Կառավարությունը ավագանու արձակումից հետո երկու շաբաթվա ընթացքում ունենալու է հնարավորություն՝ նշանակելու արտահերթ ընտրության օր: Դա պետք է լինի որոշումը կայացնելու պահից սկսած 30-40 օրվա ընթացքում։ Եթե մենք առավելագույն ժամկետներով ենք գնում, ապա արտահերթ ընտրություն կլինի սեպտեմբերի առաջին կեսին»,- ընդգծեց Դավիթ Խաժակյանը։
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանը, ում անունը որպես քաղաքապետի թեկնածուի շրջանառվում էր մամուլում, ասաց, որ ինքն այս պահին բացառել է իր առաջադրումը որպես քաղաքապետի թեկնածու, և մնացածը ընթացիկ քննարկումները ցույց կտան։
Թեհմինե Վարդանյանն ընդգծեց, որ այժմ քննարկվում է նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դաշինքով կամ առանձին մասնակցելու հարցը։
«Մեզ համար ընդունելի են ավագանու արտահերթ ընտրությունները, մենք այլևս չենք պատրաստվում աշխատել ավագանու 46 անդամ ունեցող ՀՀԿ խմբակցության հետ»,- ասաց նա։
Հուլիսի 15-ին Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։
«Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։ Խորապես համոզված ենք, որ ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները,- ասված էր խմբակցության հայտարարությունում։
Հուլիսի 14-ին ավագանու «Ելք» խմբակցությունը ևս հայտարարել էր, որ չի մասնակցելու ավագանու հուլիսի 16-ի նիստին։
© 2009 ARMENPRESS.am