«Համաներումն իշխանությունների, հասարակության քաղաքական կամքն է». Արտակ Զեյնալյան

13:42, 16 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարծում է, որ համաներումը իրավունք չէ, այլ արտոնություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մի խումբ դատապարտյալների՝ համաներում չստանալու դեպքում հացադուլ սկսելու սպառնալիքին, շեշտեց, որ համաներումն իշխանությունների, հասարակության քաղաքական կամքն է: «Արդյո՞ք ՀՀ ժողովուրդը, իրավունքի խախտման, հանցագործության զոհերը պատրաստ են ներել իրենց իրավունքները ոտնահարած անձանց: Դա է հիմնահարցը, որը հացադուլով չէ որ պետք լուծվի»,-ընդգծեց Զեյնալյանը:

Նա հավելեց, որ համաներումը արտոնություն է, շնորհ, որը պետք է տա հասարակությունը: «Եթե գա դրա ժամանակը, հարցը կքննարկվի»,-եզրափակեց նախարարը:

Օրերս ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մի խումբ դատապարտյալներ դիմել են Հայաստանի հանրային ռադիո` նշելով, որ հացադուլ կսկսեն, եթե  մինչև հուլիսի 18-ը համաներում չիրականացվի:


© 2009 ARMENPRESS.am