Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են հակաթույնով. օձի խայթելու դեպքում բուժումն անվճար է

15:32, 14 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Առողջապահության նախարարության աշխատակազմի Դիմում և բողոքների արագ արձագանքման բաժինը 2018 թվականի առաջին կիսամյակում ստացել է օձի խայթելու մասին 38 հաղորդում, 2017 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է օձի խայթելու 65 դեպք:

«Արմենպրես»-ին առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ արձանագրված դեպքերից Երևանի բժշկական կազմակերպություններ դիմել են 13-ը, մարզային` 25-ը: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Արարատի մարզում` 9, Արմավիրի մարզում  7, Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի, Շիրակի մարզերում՝ 2-ական, Վայոց ձորի մարզում՝ 1 դեպք, տուժածներից 23-ին ներարկվել է հակաթույն, իսկ մնացած 15-ի դեպքում բժշկական ցուցում չի եղել:

«2018 թվականին օձի խայթելու առաջին դեպքն արձանագրվել է մարտի 5-ին, 2017 թվականին՝ ապրիլի 18-ին»,-տեղեկացրին նախարարությունից:

 Առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են հակաթույնով, միաժամանակ տեղեկացնում են, որ օձի խայթոցն ընդգրկված է անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկում, և տվյալ բուժօգնությունը բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է անվճար հիմունքներով:


© 2009 ARMENPRESS.am