Համայնքներում կիրականացվի սուբվենցիոն 38 ծրագիր

21:24, 13 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի  ընթացքում քննարկվել են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրային հայտերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ հանրապետության 37 համայնքներից ստացվել է սուբվենցիայի 42 ծրագրային հայտ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 1,598 մլրդ դրամ։ Նախարարի զեկուցմամբ՝ նշված գումարից համայնքների կողմից ֆինանսավորումը կազմում է 980,3 մլն դրամ, պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափը`  642,8 մլն  դրամ, իսկ  598,4 հազար դրամը մասնավոր հատվածի միջոցներն են: 

Քննարկման արդյունքներով հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 38 ծրագիր: Նշված ծրագրերը նպատակաուղղված են համայնքների փողոցների ասֆալտապատմանն ու բարեկարգմանը, էներգախնայողության, փողոցային լուսավորության և ֆոտովոլտային կայանների կառուցմանը, խմելու ջրի և ոռոգման համակարգերի կառուցմանն ու վերանորոգմանը, ինչպես նաև մանկապարտեզների,  երաժշտական դպրոցների, մշակութային տների,  հանդիսությունների սրահների, համայնքային կենտրոնների կառուցմանն ու վերանորոգմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության ձեռնարկած հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում հավաքված գումարներից մինչև 10 միլիարդ դրամ առաջիկայում կհատկացվի ՀՀ համայնքներին՝ կառավարության հետ համատեղ սուբվենցիայի նոր ծրագրեր  իրականացնելու համար։


© 2009 ARMENPRESS.am