Այսուհետեւ իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու գործառույթը ՊԵԿ-ի փոխարեն կկատարի Ֆիննախը

19:12, 13 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու գործառույթը, օրենսդրությամն փոփոխությամբ պայմանավորված, փոխանցվել է Ֆինանսների նախարարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ այս տեղեկատվությունը կարևոր է հատկապես մասնագիտական հանրության համար:

«Այսուհետ ՊԵԿ-ն օրենքների կամ հարկային օրենսդրությունը կարգավորող իրավական ակտերի պաշտոնական պարզաբանում տալու իրավասություն չունի այն պարզ պատճառով, որ իրավական ակտերը կիրառող կառույցը, տվյալ դեպքում՝ հարկային մարմինը, հնարավոր է սուբյեկտիվ պարզաբանի դրանք: Դա ամբողջությամբ փոխանցվել է Ֆինանսների նախարարությանը»,-ասաց Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահը հայտնեց այն մասին, որ հարկ վճարողների սպասարկման ոլորտում՝ «մեկ պատուհան» համակարգի կատարելագործմամբ առաջիկայում տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն կունենան ակցիզային դրոշմանիշները և դրոշմապիտակները ստանալ հարկային մարմնի իրենց համար առավել նախընտրելի սպասարկման կետից:


© 2009 ARMENPRESS.am