«Երեք օր Քիբերոնում» ֆիլմով մեկնարկեց «Ոսկե ծիրան»ի՝ «Ստեղծվել է Գերմանիայում» ծրագիրը
18:18, 12 Հուլիս, 2018ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց «Ստեղծվել է Գերմանիայում» ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագրի ընթացքում կցուցադրվեն «Անցուղիներում», «Անցում», «Բոյս», «Երեք օր Քիբերոնում», «Օտարացած դուստրը» կինոժապավենները:
«Արդեն չորրորդ տարին է, որ մենք «Ոսկե ծիրան»-ի կողքին ենք և աջակցում ենք նրան: Այս տարիներին կինոփառատոնի շրջանակում ցուցադրվել է ավելի քան հարյուր գերմանական ֆիլմ: Ծրագրի շրջանակում կներկայացվի ևս վեցը»,-նշեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
Նա շեշտեց, որ Էմիլի Աթեֆի «Երեք օր Քիբերոնում» կինոնկարը պատմում է հանրահայտ դերասանուհի Ռոմի Շնայդերի մասին:
Լուսանկարները, որոնց հեղինակը Ռոբերտ Լեբեքն է, աշխարհահռչակ են: Դրանցում նա կարողացել է որսալ այս դերասանուհու հակասական բնավորությունը՝ նրա կենսախնդությունը, մելամաղձն ու ցավը: Լեբեքը նաև լուսանկարներ է արել 1981-ին Քիբերոնում «Շտեռն» հանդեսի թղթակից Միխայել Յուրգսին դերասանուհու տված լեգենդար հարցազրույցի համար, չնայած Շնայդերի նախկին բացասական հանդիպումներին գերմանական մամուլի հետ:
Կինոյի հանդեպ երկար տարիների ծարավի ու սիրո արդյունքում 2004-ին հիմնադրվեց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը: Դա մի երազ էր, գաղափար, որ ծնվեց երեք մարդու մտքում. այդ մարդիկ են` կինոռեժիսոր և փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ և փառատոնի ծրագրի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը, կինոքննադատ և փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:
Կինոփառատոնն ունի «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսը: Նպատակը մշակութային կամուրջներ կառուցելն ու տարբեր երկրների միջև երկխոսություն ստեղծելն է:
© 2009 ARMENPRESS.am