ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը տպավորված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքով և պրոֆեսիոնալիզմով

14:54, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցի շրջանակում Վարշավայում հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են խոշտանգումների կանխարգելման, ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում Պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքը:

Քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի դերն ընտրական գործընթացում և ընտրական իրավունքի պաշտպանության հարցում: Պաշտպանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին է ներկայացրել նաև իր աշխատանքի նոր սկզբունքներն ու մեթոդներն իրավական ակտերի կատարելագործման և մարդու իրավունքների կրթության ոլորտում:

Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը նշել է, որ տպավորված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքով ու պրոֆեսիոնալիզմով: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ավելի խորացնել համագործակցությունը մարդու իրավունքներին առնչվող հարցերում:


© 2009 ARMENPRESS.am