«Արաբկիր» ԲԿ-ում 2 տարեկան երեխա է մահացել. նա ստացիոնար բուժում էր ստանում

16:47, 7 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արաբկիր բժշկական համալիրում ստացիոնար բուժում ստացող երկու տարեկան տղա է մահացել:

«Արմենպրես» հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նրա խոսքով, երեխայի մահվան մասին հաղորդումը ստացվել է հուլիսի 6-ին:

«Երեխան ծնվել է 2016 թվականին, երկու տարեկան էր: Երեկ հիվանդանոցից մեզ տեղեկացրել են, որ հուլիսի 4-ից  ստացիոնար բուժում է ստացող երեխան հուլիսի 6-ի գիշերը մահացել է»,- նշեց Ջանոյանը և հավելեց, որ հետաքննություն է կատարվում և գործն այժմ գտնվում է Ոստիկանությունում:

Ջանոյանն ընդգծեց, որ դեռևս քննություն է կատարվում և տղայի մահվան պատճառը կպարզվի միայն քննությունից հետո:

2018 թվականի հունիսի 26-ին ևս երեխայի մահվան դեպք էր գրանցվել: «Արտաշիսյան» պոլիկլինիկայում երեխան ստացել էր հերթական պլանային պատվաստումների երկրորդ դեղաչափը: Պատվաստումից հետո երեխայի մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, որը տևել էր մեկ օր, այլ անհանգստացնող երևույթներ չէին դիտվել: 5 ամսական փոքրիկի մոտ ախտորոշել էին «Սուր շնչառական հիվանդություն, տոքսիկ ձև», նրան  ուղեգրել էին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ երեխան մահացել էր:


© 2009 ARMENPRESS.am