Եվրոպական դերբի մունդիալում կամ Շվեդիա-Անգլիա խաղից առաջ

10:49, 7 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում կմրցեն եվրոպական երկու թիմեր` Շվեդիան ընդդեմ Անգլիայի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս թիմերը վերջին անգամ միմյանց դեմ մրցել են 12 տարի առաջ: 2006 թվականի աշխարհի առաջնության շրջանակներում կայացած խաղում հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:  Ընդհանուր առմամբ երկու թիմերը միմյանց դեմ մրցել են 24 անգամ: Երկու թիմերն էլ ունեն 7-ական հաղթանակ, իսկ 9 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:

Անգլիան համարվում է ընթացիկ աշխարհի առաջնության ամենաարդյունավետ թիմերից մեկը: Սակայն շվեդների դարպասապահ Ռոբերտ Ուլսենը մունդիալում երեք խաղ ավարտել է զրոյական արդյունքով:

Անգլիան պատմության մեջ առաջին անգամ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարերում կարողացավ հաղթանակ տոնել և դուրս եկավ քառորդ եզրափակիչ` հետագա պայքարից դուրս թողնելով Կոլումբիային: 24 տարվա ընթացքում Շվեդիան առաջին անգամ հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ հաջորդ փուլ:

Ընթացիկ աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն Անգլիայի հավաքականի անդամ Հարի Քեյն է, ով կրկնել է Մարադոնայի ռեկորդը` լինելով թիմի ավագ խփած գոլերի քանակով:

Հանդիպումը կկայանա Սամարա քաղաքի համանուն մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամաակով 18:00-ին:

 

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:  


© 2009 ARMENPRESS.am