Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սայմոն Մըքդոնալդին

21:04, 6 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության մշտական քարտուղար և դիվանագիտական ծառայության ղեկավար Սայմոն Մըքդոնալդին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը ողջունել է Մըքդոնալդի այցը Հայաստան՝ նշելով, որ բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը:

Բրիտանացի բարձրաստիճան դիվանագետը գովեստով է արտահայտվել վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, դրանց խաղաղ, Սահմանադրության շրջանակում հանգուցալուծման և այդ գործում Հանրապետության նախագահի դերի մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ կա գործակցության մեծ ներուժ և բազմաթիվ ուղղություններ, որտեղ հնարավոր է առավել շոշափելի արդյունքների հասնել: 


© 2009 ARMENPRESS.am