Ընտրություններին լրատվամիջոցների հավատարմագրումը պետք է լինի խիստ հասցեական. ԸՕ բարեփոխումների քննարկում

15:16, 5 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրություններին լրատվամիջոցների հավատարմագրումը պետք է լինի խիստ հասցեական: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած ընտրական օրենսդրության բարեփոխումների հարցի շուրջ քննարկման ժամանակ այս հարցը բարձրացրեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ քվեարկության օրը բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ լրագրողների բեյջերով գործունեություն են ծավալում: 

«Եկեք աչքակապություն չանենք,  բոլորս էլ գիտենք, որ մեկ լրատվամիջոցի 50 բեյջ է տրվում, հետո, չգիտես ինչպես, այդ բեյջերը հասարակական կազմակերպությունների ձեռքում են հայտնվում: «Գռդոնչի» լրատվամիջոցներին չպետք է այդքան բեյջեր տրվեն,  լրատվամիջոցը պետք է ապացուցի, որ այդքան լրագրող ունի ու վճարում է նրանց»,-ասաց Գեղամ Մանուկյանը: 

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էլ նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրված բեյջերը, հավատարմագրերը պետք է լինեն անվանական, այլ ոչ թե մեկ լրատվամիջոցի մի քանի տասնյակ բեյջ տրվի, հետո պարզ չլինի,  թե դրանք ում են հասնում: 

 


© 2009 ARMENPRESS.am