Վալերի Մասադյանի «Միլա» ֆիլմով «Ոսկե ծիրան»-ին կմեկնարկի «Ֆրանկոֆոն երկրների կինոն» ծրագիրը
16:58, 4 Հուլիս, 2018ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 10-ին կմեկնարկի «Ֆրանկոֆոն երկրների կինոն» ծրագիրը: Դրա ընթացքում կցուցադրվի 15 կինոնկար:
Այս մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
«Ոսկե ծիրան»-ը և Ֆրանսիայի դեսպանությունը համագործակցում են փառատոնի ստեղծման պահից: Այս կինոփառատոնը մեծ հեղինակություն վայելող ֆիլմերի ցուցադրման կարևորագույն վեկտորներից է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս: Հաճելի է այն փաստը, որ կինոփառատոնը կբացվի ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Առանձնատունը» ֆիլմով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց Լաքոտը:
Ժոնաթան Լաքոտը շեշտեց, որ այս տարին ֆրանսիական կինոյի համար բացառիկ էր: Ամբողջ աշխարհով ցուցադրված ֆրանսիական ժապավեններն ապահովել են ավելի քան ութսուն միլիոն հանդիսատես: Նախորդ տարվա համեմատ, դա զգալի աճ է:
Դեսպանը հավելեց, որ կինոփառատոնին ներկա կլինեն Վալերի Մասադյանը, ինչպես նաև ֆրանսիական կինոյի արհեստավարժ ներկայացուցիչներ:
Լաքոտի խոսքով` այս տարվա փառատոնն առանձնահատուկ հնչեղություն ունի, քանի որ զուգորդվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացմամբ: «Ոսկե ծիրան»-ը ևս մեկ անգամ ընդգծում է այն կարևոր ուղերձը, որ Հայաստանը ցանկություն հայտնեց անդամակցել Ֆրանկոֆոնիայի բազմանդամ ընտանիքին` որդեգրելով դրա մշակութային արժեհամակարգը»,-եզրափակեց նա:
© 2009 ARMENPRESS.am