Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով

12:28, 4 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի մետրոպոլիտենի աշխատանքը, որը խաթարվել էր Ադրբեջանում գրանցված լայնամասշտաբ հոսանքազրկման հետևանքով, չի վերականգնվի նաև հուլիսի 4-ին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի կապի նախարարության փոխանցմամբ` քանի որ մետրոպոլիտենը չի գործելու, Բաքվի քաղաքային տրանսպորտի մյուս տեսակները գործելու են արտակարգ ռեժիմով և անվճար:

Հոսանքազրկման պատճառով հուլիսի 3-ին հազարավոր ուղևորներ, որոնք այդ պահին գտնվում էին մետրոյում, ստիպված են եղել ոտքով մի քանի կիլոմետր թունելներով քայլելով դուրս գալ մետրոյից:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն, ինչպես նաև երկրի մի շարք շրջաններ հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայտնվել էին խավարում. պատճառը լայնամասշտաբ հոսանքազրկումն էր:

Ավելի ուշ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որում ասվում էր, թե վթարի պատճառ է դարձել երկրում անոմալ շոգը, որ հանգեցրել է բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, ինչը շարքից հանել է ՀԷԿ տրանսֆորմատորներից մեկը:

Առանց հոսանքի մնացած քաղաքների շարքում էին նաև Սումգայիթը, Շիրվանը, Գյանջան, Զաքաթալան և այլն:

Ժամեր անց միայն հոսանքազրկված քաղաքների, այդ թվում և Բաքվի որոշակի շրջանների էլեկտրականությունը վերականգնվել է:


© 2009 ARMENPRESS.am