Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Նադեժդա Սարգսյանի մահվան կապակցությամբ

12:28, 3 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Նադեժդա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

«Խոր կսկիծով տեղեկացա Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, սիրված երգչուհի Նադեժդա Սարգսյանի անժամանակ մահվան մասին:

Նադեժդա Սարգսյանը հայ էստրադային երգարվեստի պայծառ դեմքերից էր, ում գեղեցիկ կատարումներին սպասում էինք բոլորս: Նրան ծափահարում էին նաեւ աշխարհի տասնյակ երկրների բեմերում, ուր այնքան նվիրումով ներկայացնում էր հայ կոմպոզիտորների ստեղծած գործերը:

Նա ապրում էր ոչ միայն մշակութային, այլեւ հասարակական ակտիվ կյանքով, ընտրվել էր նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր:

Նադեժդա Սարգսյանը մեծ ավանդ ունեցավ նաեւ Հայաստանում մանկական երգարվեստի զարգացման գործում: Իր հիմնադրած մրցույթների շնորհիվ նա բացահայտեց բազմաթիվ փոքրիկ տաղանդների եւ իր ձիրքն ու հմտությունները նրանց փոխանցեց Երեւանի մշակույթի պետական քոլեջը ղեկավարելու տարիներին: Ու մեր սիրելի երգչուհուն մենք միշտ կհիշենք ոչ միայն իր գեղեցիկ երգերով, այլեւ ամեն անգամ նրա սաների նոր հաջողություններով ուրախանալիս:

Խորին ցավակցություն եմ հայտնում Նադեժդա Սարգսյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում


© 2009 ARMENPRESS.am