ՀՀ դատախազության 100-ամյակին նվիրված փոստային նամականիշ է թողարկվել

16:55, 2 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 01-ին մարվեց և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հայոց պետականություն. Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 100-ամյակը» թեմային: 

Փոստային նամականիշն ունի 330 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 30 000 հատ տպաքանակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամականիշի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:   

Նամականիշի վրա ներկայացված է Հայաստանի Հանրապետության դատախազության շենքը՝ պատկերված գրաֆիկական եղանակով: Փոստային նամականիշի վերին ձախ անկյունում պատկերված է Հայաստանի Հանրապետության դատախազության լոգոտիպը:    

Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: 

 

Թողարկման օրը` 01 հուլիսի 2018թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 45,0 x 33,0 մմ

Տպաքանակը՝ 30 000 հ.


© 2009 ARMENPRESS.am