Ալբանիայի, Թուրքմենստանի, Լիբանանի և Կանադայի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել ՀՀ. հարցը կառավարության օրակարգում է

15:58, 27 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբանիայի, Թուրքմենստանի, Լիբանանի, Կանադայի քաղաքացիների համար Հայաստանը  2018 թվականի հուլիսի 10-ից կսահմանի առանց մուտքի վիզայի ռեժիմ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում:

Որոշման ընդունումը թույլ կտա վերոհիշյալ պետությունների քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

«Դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:


© 2009 ARMENPRESS.am