ԱԳ նախարան ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատարին

19:43, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 25-ին ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատար Մամի Միզուտորիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:  Հայաստանի արտգործնախարարը կարևորել է Հայաստանի և ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի գրեթե տասնամյա արդյունավետ համագործակցությունը՝ արժևորելով գրասենյակի կողմից տրամադրվող աջակցությունը՝ ուղղված այս բնագավառում Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորել է աղետների ռիսկի նվազեցման 2015-2030թթ. Սենդայի շրջանակային ծրագրի առաջնահերթությունները:

Մամի Միզուտորին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել Հայաստանի ներդրումը և փորձն աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ոլորտում՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ աշխատանքն այս բնագավառում:

Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի անկախացումից ի վեր ՄԱԿ-ի և տարբեր գրասենյակների հետ հաստատված սերտ համագործակցությունը, Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ նախաձեռնություններում:

Զրուցակիցները համակարծիք էին, որ խոշոր աղետների կանխարգելման, կառավարման և դիմագրավման հարցում կարևոր են միջազգային հանրության հավաքական ջանքերը և գործողությունները:

Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Մամի Միզատորին անդրադարձ կատարեցին գրասենյակի՝ հունիսի 26-27-ը Երևանում կայանալիք աղետների ռիսկի նվազեցման Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային երկրորդ պլատֆորմի ծրագրին և միջոցառման շրջանակներում նախատեսվող միջոցառումերին:

 


© 2009 ARMENPRESS.am