Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Սուրբ Գայանե վանքի վանահոր պարտականություններից

14:16, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 21-ի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Այս առնչությամբ Մայր Աթոռի լուսարարապետությանը թելադրվել է ապահովել Հայր Կորյունի կեցությունը մայրավանքում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբին հանձնարարական է տրվել քննության առնել Տ. Կորյուն աբեղա Առաքելյանի հետ առնչված խնդիրները:

Նորին Սրբության տնօրինությամբ Ս. Գայանե վանքի վանահայր է նշանակվել Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը:

Կորյուն աբեղա Առաքելյանն այն հոգևորականներից է, ով վերջին շրջանում հանդես է գալիս Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով:


© 2009 ARMENPRESS.am