Վրաստանի վարչապետի թեկնածուն մտադիր Է կառավարությունը պահելու ծախսերը կրճատել մինչեւ ՀՆԱ-ի 3,9 տոկոսը

11:46, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու Մամուկա Բախտաձեն հայտարարել Է, որ փոքր, բայց արդյունավետ կառավարության հայեցակարգը, որի վրա հիմնված Է նախարարների կաբինետի կառուցվածքային փոփոխությունների իր ծրագիրը, նախատեսում Է նախարարությունների թվի կրճատում 14-ից մինչեւ 11, ինչպես նաեւ կառավարությունը պահելու ծախսերի նվազեցում մինչեւ ՀՆԱ-ի 3,9 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Դա այն բանի հայեցակարգն Է, թե կառավարությունն ինչ բաժին պետք Է ունենա ներքին համախառն արդյունքում»,-լրագրողներին ասել Է Բախտաձեն: Վարչապետի թեկնածուն, որն այդ պաշտոնին առաջադրվելուց առաջ զբաղեցնում Էր Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը, ասել Է, որ այդ առումով առկա Է զգալի առաջընթաց: «Այս տարի այդ ուղղությամբ ծախսերը կլինեն ՀՆԱ-ի 4,2-4,3 տոկոսի սահմաններում: Իսկ փոքր կառավարության հայեցակարգը նախատեսում Է այդ ծախսերի կրճատումն այնպես, որ դրանք չգերազանցեն ՀՆԱ-ի 3,9 տոկոսը»,-հավելել Է Բախտաձեն:

Նա նշել Է, որ այդ կերպ ազատված միջոցները, որոնք կկազմեն մոտավորապես 100-120 մլն լարի (41-49 մլն դոլար) հնարավոր կլինի ուղղորդել այլ կարեւոր սոցիալական ծրագրերի: Առաջիկա օրերին Վրաստանի խորհրդարանը պետք Է վստահություն հայտնի նոր վարչապետին, ինչպես նաեւ կառավարության կազմին ու նրա ծրագրին: Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անցած շաբաթ հրաժարական Էր տվել՝ իր որոշումը բացատրելով նրանով, որ իր ու կառավարող կուսակցության ղեկավարության միջեւ վերջին ժամանակներս տարաձայնություններ են առաջացել:


© 2009 ARMENPRESS.am