ԵՄ պաշտոնյաները Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման ձգձգման վտանգ չեն տեսնում երկրների կողմից

19:36, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ԵՄ անդամ երկրներից ազդակներ չի ստացել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ձգձգումների կամ բարդությունների վերաբերյալ: Հունիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, «Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան, հայտնեց պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Իհարկե, ամեն երկիր ունի վավերացման իր ներպետական կարգը, մի շարք երկրներ արդեն վավերացրել են համաձայնագիրը, դրանց թիվը գնալով ավալում է, և մենք վստահ ենք, որ այս գործընթացը հաջողությամբ կպասկվի»,-ասաց Սվիտալսկին: Նրա խոսքով՝ համաձայնագրի դրույթների 80 տոկոսն արդեն իսկ ուժի մեջ է մտել այս տարվա հունիսի 1-ի, իսկ արդեն հուլիսի 4-ին Եվրախորհրդարանի վավերացումից հետո կողմերը ձեռանամուխ կլինեն դրա լիակատար իրականացմանը:

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերն իր հերթին ողջունեց ՀՀ Ազգային ժողովի կողմից համաձայնագրի միաձայն վավերացումը և նշեց, որ այն չի հակասում Հայաստանի արտաքին այլ պարտավորություններին: «Համաձայնագրի ստորագրությունն ու վավերացումն ընդամենը սկիզբն է լինելու, կարևորը դրա հաջող իրականացումն է: Ըստ իս՝ այն շահեկան է երկու կողերի համար էլ, և ես մեծ խնդիրներ չեմ տեսնում այդ հարցում»,-ավելացրեց նա:

Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սաջադ Քարիմն էլ վերահաստատեց, որ վավերացման գործընթացը բարեհաջող ընթանում է անդամ երկրներում: «Եվրամիության տեսանկյունից կարևոր է հստակ ուղերձ հղել առ այն, որ մենք մտադիր ենք օգնել, որպեսզի համաձայնագրով նախատեսված միջոցառումներն ընթանան ըստ սահմանված ժամանակացույցի: Մենք այդպես ենք դիտում համաձայնագրի առաջընթացը»,-եզրափակեց ԵՄ պաշտոնյան:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կնքվել է Բրյուսելում նոյեմբերի 24-ին: Այն արդեն վավերացվել է Մերձբալթյան երեք հանրապետությունների՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի, ինչպես նաև Բուլղարիայի կողմից: Հայաստանի խորհրդարանը ևս այն վավերացրել է:

 

 


© 2009 ARMENPRESS.am