Անվտանգության խորհուրդն ակտիվ համագործակցելու է բոլոր գերատեսչությունների հետ

19:06, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 18-ին ընդլայնված կարգով  հանդիպել է ՀՀ անվտանգության խորհրդի աշխատակիցների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գրիգորյանը  աշխատակիցներին հորդորել է լինել առավել նախաձեռնողական իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը իրականացնելու ճանապարհին:

«Մեծապես կարևորելով յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը համակարգի հետագա կայացման և զարգացման գործում՝ գործընկերներիս հորդորեցի լինել առավել նախաձեռնողական իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը իրականացնելու ճանապարհին:
Վստահեցնում եմ, որ Անվտանգության խորհուրդը դառնալու է այն հաստատությունը, որը Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացման ճանապարհին ակտիվ համագործակցելու է ՀՀ ոլորտային գերատեսչությունների, ուղեղային կենտրոնների, փորձագիտական և գիտական շրջանակների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ:  Աշխատելու ենք միասին, միասնական, փոխըմբռնման և վստահության մթնոլորտում՝ ի շահ մեր երկրի անվտանգության ամրապնդման և բարօրության»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում  գրել է Գրիգորյանը:


© 2009 ARMENPRESS.am