Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին

15:20, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 18-ին ընդունեց տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ շուրջ երկու տասնյակ մասնակից երկրների մշտական ներկայացուցիչներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով ԵԱՀԿ դեսպաններին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ շրջանակներում բազմակողմ համագործակցությունը, որի արդյունքում մեր երկրում կարևոր բարեփոխումներ են իրականացվել, և շեշտեց, որ Հայաստանն էլ, իր հերթին, ակտիվ մասնակցություն է ունեցել կազմակերպության գործունեության բոլոր երեք հարթություններում և իր ներդրումն է բերել կառույցի արդյունավետության և հեղինակության բարձրացման գործում:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, անդրադարձավ երկրում ընթացող բարեփոխումներին և կառավարության նոր ծրագրին: Այդ առնչությամբ հատուկ ընդգծվեց Հայաստանում կայացած քաղաքացիական հասարակության և ակտիվ երիտասարդության դերը։

ԵԱՀԿ դեսպանները նշեցին, որ վեց տարի ընդմիջումից հետո հերթական տարածաշրջանային այցը լավ հնարավորություն է ընձեռում տեղում ծանոթանալու Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և գնահատելու տարածաշրջանային անվտանգության իրավիճակը:

Զրույցի մասնակիցները կարևորեցին Հայաստանում ԵԱՀԿ ծրագրերի շարունակակաանությունը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը աջակցություն հայտնեց այս ուղղությամբ նախաձեռնություններին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունների, տարածաշրջանային և միջազգային զարգացումների, ԵԱՀԿ շուրջ։


© 2009 ARMENPRESS.am