Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ստանալու է այլ բովանդակություն. նախարար

18:02, 15 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն այլ բովանդակություն ու կազմակերպական ձև կունենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում: «Գիտեք, որ ի պաշտոնե ես այնտեղ հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, հոգաբարձուներն էլ ըստ էության ձևավորում են կառավարության կողմից: Մենք պատրաստվում ենք հաջորդ շաբաթ խորհրդի նիստ կազմակերպել ու հիմնադրամի գործունեության հետ կապված որոշումներ կկայացնենք»,-ասաց նա:

«Հնարավոր է կասեցվի հիմնադրամի գործունեությունը» ճշտող հարցին՝ նախարարը ավելացրեց. «Չեմ կարծում»: Նախարարը նաև բացառեց, որ նախկինի նման բուհերը պետք է գումարներ վճարեն հիմնադրամին:

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործող մեղադրանք է առաջադրվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար:

Ավելի վաղ պարզվել էր, որ պետական բուհերը տարիներ շարունակ մեծ գումարներ են վճարել Երիտասարդական հիմնադրամին:

 





 


© 2009 ARMENPRESS.am