Փաշինյանն Անդրեյ Կոստինի հետ քննարկել է Հայաստանում ՎՏԲ բանկի գործունեության ընդլայնմանը վերաբերող հարցեր

10:56, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ռուսական ՎՏԲ բանկի խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ակտիվ ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայաստանյան գործարար միջավայրի և տնտեսության զարգացմանն ուղղված կառավարության առաջնահերթությունները և ընդգծել բանկային համակարգի, այդ թվում՝ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից բիզնես հատվածի ազդակներին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՎՏԲ բանկի գործունեությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընդլայնելուն վերաբերող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am