Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները կշարունակվեն ուժեղացված ռեժիմով

09:58, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով՝ հունիսի 14-ին, ժամը 00:56-ի դրությամբ հայտարարվել է, որ 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները շարունակվելու են ուժեղացված ռեժիմով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աուտիզմ ունեցող տղային գտնելու նպատակոց որոնողական աշխատանքներին մասնակցում են ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Արագածոտնի ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, 207 փրկարար (12 միավոր տեխնիկա), ոստիկանության 6 աշխատակից, 2 կինոլոգ` շներով և 52 կամավոր:

Որոնողական աշխատանքներն իրականացվում են 8 ուղղություններով. հետախուզվում են դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը, գյուղի անասնագոմերը, փողոցները, գերեզմանատունը և այգիները:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը, ՓԾ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հունիսի 9-ին, ժամը 21:32-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչը (Հ. Հ., ծնված 2004 թ.) հունիսի 8-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել: 

Բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկատվություն ունեն Հայկ Հարությունյանի գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք կապվել ոստիկանության կամ արտակարգ իրավիճակների նախարարության հետ՝ զանգահարելով 911 հեռախոսահամարով:


© 2009 ARMENPRESS.am