«Առաջին հիփոթեքային ընկերության» պարտատոմսերն առնվազն 120 %-ով ապահովված են հիփոթեքային վարկերով
14:51, 12 Հունիս, 2018ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի դեկտեմբեր ամսին «Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ն թողարկել էր դրամային և արտարժութային պարտատոմսեր՝ 100,000,000 ՀՀ դրամի և 500,000 դոլարի չափով: Տվյալ պարտատոմսերը առնվազն 120 %-ով ապահովված են հիփոթեքային վարկերով:
«Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ն առաջինն ու միակն է հայկական ֆինանսական շուկայի պատմության մեջ, որ շուկայում առաջարկում է հիփոթեքով ապահովված պարտատոմսեր: Սա նշանակում է, որ այս պարտատոմսերը ապահովված են հիփոթեքային վարկերով, որոնք փաստացի գրավադրված են ի օգուտ պարտատոմսերի տիրապետողի:
Այս պարագայում վարկերը հանդիսանում են գրավ և գտնվում են հսկողության տակ, և եթե ֆինանսական վիճակի վատթարացման հետևանքով ընկերությունը կրի կորուստներ, ներդրողները կորուստներ չեն կրի, քանի որ վարկերն ապահովված են գրավներով։
Դրամային մեկ պարտատոմսի անվանական արժեքը 10,000 դրամ է, դոլարայինը՝ 25 ԱՄՆ դոլար: Եկամտային տոկոսադրույքը դրամի դեպքում կազմում է 10,5%, դոլարի դեպքում՝ 6,5%:
Պարտատոմսերը թողարկվում են «Արարատբանկ» ԲԲԸ-ի հետ համագործակցության շրջանակում: Բանկը հանդիսանում է «Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի երաշխավորված տեղաբաշխողը և Մարքեթ-մեյքերը:
«Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ի կողմից առաջարկվող պարտատոմսերի առաջին թողարկման շրջանառության ժամկետը 24 ամիս է, ձևը՝ ոչ փաստաթղթային, տեսակը՝ անվանական արժեկտրոնային, վճարման պարբերականությունը՝ եռամսյակային, փոխարկելիությունը՝ ոչ փոխարկելի:
Շուկայում պարտատոմսերի մատակարարողը հանդիսանում է «Արարատ բանկը», ուստի այդտեղից էլ կարելի է ձեռք բերել վերոնշյալ պարտատմոսերը: Բացի «Արարատ բանկից», պարտատոմսերը հասանելի են բորսայում առկա բոլոր բանկերում: Բանկերի ցանկը կարելի է գտնել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ»-ի կայքում:
© 2009 ARMENPRESS.am