Նորատուսում կարկուտը վնասներ է հասցրել ցանքերին եւ պտղատու ծառերին

13:47, 12 Հունիս, 2018

ԳԱՎԱՌ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում հունիսի 11-ի երեկոյան մոտ կես ժամ տեղացած կարկուտը լուրջ վնասներ է հասցրել բանջարաբոստանային եւ հացահատիկային մշակաբույսերին ու պտղատու ծառերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորատուս համայնքի ղեկավարի տեղակալ Վաչիկ Խաչատրյանը, վնասվել են համայնքի տնտեսությունների տնամերձ հողամասերի ցանքերը եւ բնակավայրից դուրս գտնվող հացահատիկի արտերն ու կերային մշակաբույսերը: «Սկզբից կարկուտը թափվեց ընկույզի մեծությամբ, հետո չափը փոքրացավ, փոքր -ինչ հանդարտվեց, սակայն կարճ ժամանակ անց կրկին ուժգնացավ: Կես ժամ տեւողության կարկուտը ջարդեց բույսերի ցողունները, ծառերի պտուղները: Վնասվել են մոտ 200 հեկտար տնամերձերի ցանքերը եւ պտուղները, մի քանի հարյուր հեկտար՝ հացահատիկային եւ կերային մշակաբույսեր»,-ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալը: Գյուղապետարանում ստեղծված հանձնաժողովը ճշգրտում է տնտեսություններին հասցված վնասների չափերը:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am