Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը խոստացել է 4 տարում լուծել քրդական հարցը  

12:54, 12 Հունիս, 2018

 ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խոստացել է 4 տարվա ընթացքում լուծել քրդական հարցը, իսկ չլուծելու դեպքում հեռանալ քաղաքականությունից:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Անդրադառնալով Թուրքական իշխանությունների կողմից իրաքյան Քանդիլում քրդերի դեմ իրականացվող գործողություններին՝ Քըլըչդարօղլուն նրանց մեղադրել է քրդական խնդիրը լուծել չկարողանալու մեջ:

«Եթե չկարողանամ քրդական հարցը 4 տարվա ընթացքում լուծել, ապա կհեռանամ քաղաքականությունից: Դուք 16 տարի իշխանության գլխին եք, կարողացե՞լ եք, արդյոք,  լուծել այդ հարցը: Ես կարծում եմ, Քանդիլի գործողությունները կապված են ընտրությունների հետ: Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) արդեն քանի տարի է Քանդիլում է, ինչո՞ւ չեք գործողություններ իրականացրել»,-դիմելով իշխանություններին՝ ասել է Քըլըչդարօղլուն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Իրաքյան Քանդիլը և Շենգալը նույնպես «արժանացնել» սիրիական Աֆրինի ճակատագրին: 

Էրդողանը հայտարարել է, որ թուրքական 20 կործանիչ հարվածներ են հասցրել

Իրաքի հյուսիսում տեղակայված Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: 

Նա նշել է, որ Թուրքիայի զինված ուժերը նպատակ ունեն «կործանելու ահաբեկչական ճահիճը» Իրաքի հյուսիսում, ինչպես դա արել են սիրիական Աֆրինում: 

Հռչակելով, թե Աֆրինում պայքարում է ահաբեկչական կազմակերպությունների դեմ՝ Թուրքիան իրականում ռազմական գործողություններ էր իրականացնում տեղի քրդական ուժերի դեմ, ինչի արդյունքում փաստացի օկուպացրեց սիրիական Աֆրինի շրջանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am