Նիկոլ Փաշինյանը և Սեմ Սիմոնյանը քննարկել են կրթության ոլորտում նոր ծրագրերին առնչվող հարցեր

18:13, 11 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են «Թումո» կենտրոնի գործունեությանը, նոր նախաձեռնություններին ու ծրագրերին առնչվող մի շարք հարցեր

Վարչապետը կարևորել է «Թումո»-ի գործունեությունը և ընդգծել, որ այն կարող է ողջ աշխարհում դառնալ Հայաստանի գլոբալ բրենդը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել Սեմ Սիմոնյանի գլխավորած թիմի տարբեր ծրագրերին և նախաձեռնություններին, որոնք ուղղված են կրթության որակի բարձրացմանն ու երիտասարդ սերնդի զարգացմանը:

Պարոն Սիմոնյանը ողջունել է վարչապետի ներկայացրած գաղափարը և       տեղեկացրել, որ նախատեսում են «Թումո»  կենտրոններ հիմնել Փարիզում, Մոսկվայում, Տիրանայում, Բեյրութում, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերում: Այնուհետև Սեմ Սիմոնյանն անդրադարձել է Բարձրագույն կրթության միջբուհական կենտրոնի ստեղծման ծրագրին, բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումների իրականացմանը վերաբերող այլ հարցերի և նախաձեռնությունների:

 


© 2009 ARMENPRESS.am