Հայտնի են Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլի հաղթողների անունները

16:03, 11 Հունիս, 2018

 ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլ են անցել թավջութակահարներ Ֆյոդոր Ամոսովը (Ռուսաստանի Դաշնություն), Ռուստեմ Խամիդուլինը (Ռուսաստանի Դաշնություն), Չի-Ուոն Հոնգը (Կորեայի Հանրապետություն), Ջոնաթան Սվենսենը (Դանիա)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արամ Խաչատրյան. մրցույթ» մշակութային հիմնադրամից, թավջութակահարները եզրափակիչ փուլում, որը կկայանա հունիսի 12-ին և 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ելույթ կունենան մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։

Եզրափակիչ փուլում մրցույթի մասնակիցները ընտրությամբ կներկայացնեն Արամ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը կամ Կոնցերտ-ռապսոդիան՝ գրված թավջութակի և նվագախմբի համար։

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան. մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

 


© 2009 ARMENPRESS.am