Արա Դարզին և Ռուբեն Վարդանյանն այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

17:55, 8 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ականավոր վիրաբույժ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզին հունիսի 8-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Մուրադյանը հյուրերին ներկայացրեց կենտրոնի ստեղծման պատմությունը:

Հյուրերին ներկայացվեցին կենտրոնի հնարավորություններն ու ծառայությունները, ինչպես նաև ընդգծվեց, որ կենտրոնը, ինչպես և իրենք նախաձեռնողներն են ասում, զինվորի տուն է, այստեղ նրանք ոչ միայն բուժվում են, այլև ինտեգրվում տարատեսակ սոցիալական ծրագրերում, մասնակցում միջոցառումների: Աշխատանքներ են տարվում նաև տղաների՝ մասնագիտության ձեռք բերման, զբաղվածության ապահովման ուղղությամբ:

Արա Դարզին շրջեց սենյակներում, խոսեց այստեղ վերականգնողական բուժում ստացող տղաների հետ: Նրա ուշադրությանն արժանացան նաև այն վերջին սերնդի սարքավորումները, որոնց միջոցով մասնագետներն իրականացնում են զինվորների առողջության վերականգնման աշխատանքները:


© 2009 ARMENPRESS.am