Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

17:30, 7 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 7-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանին, Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Բարի գալուստ մաղթելով նրանց Հայաստանում` նախագահ Սարգսյանը ողջունել եւ կարեւորել է Միացյալ Նահանգներում համահայկական նշանակության հարցերով մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համահայկական օրակարգային հարցերի, դրանց լուծման ուղղությամբ նոր ուղիներ գտնելու, աշխատանքն ավելի արդյունավետ ու նպատակային դարձնելու հնարավորությունների վերաբերյալ:

Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները հպարտությամբ փաստել են Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունների խաղաղ բնույթը եւ անձամբ նախագահ Սարգսյանի կարեւոր եւ հավասարակշռող դերն այդ գործում:


© 2009 ARMENPRESS.am