Առողջապահության նախարարությունը սրտի վիրահատության ստենտների գների նվազեցման շուրջ բանակցություններ է վարում մատակարարի հետ

14:06, 5 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահության նախարարությունը սրտի վիրահատության ստենտների գները նվազեցնելու շուրջ բանակցություններ է վարում մատակարարի հետ:

Ազգային ժողովում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին: «Մենք հիմա վերանայում ենք ծրագիրը, բանակցում ենք մատակարարի հետ, որպեսզի ստենտի գինն իջնի: Մենք փորձելու ենք լայնացնել ընդգրկումը, իսկ մեր տնտեսումների հաշվին այս տարի ավելի շատ դեպքեր կունենանք, երբ պետությունը իր վրա կվերցնի սրտի ստենտավորումը՝ անկախ մարդու ֆինանսական կարգավիճակից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարևորեց ստենտների գների նվազեցման ուղղությամբ նախարարության աշխատանքը՝ ընդգծելով, որ շատ մարդիկ պնդում են, որ Հայաստանում բժշկության որակը բարձր է, սակայն ստենտի գինը թանկ է, և իրենք ստիպված այլ երկրներ են գնացել սրտի ստենտավորման համար:

Նախարարը հույս հայտնեց, որ մեծ քանակով ստենտների գնումների համար կկարողանան էժան գնի շուրջ բանակցել:

Արսեն Թորոսյանը նաև հայտնեց, որ 2017 թվականին պետպատվերի շրջանակում  իրականացվել է սրտի 3721 վիրահատություն, որոնցից 1597-ը՝ հատուկ ծրագրով, երբ, անկախ մարդու սոցիալական կարգավիճակից, վիրահատությունը կատարվել է անվճար։ 


 

 


© 2009 ARMENPRESS.am