Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այց կկատարի Մոսկվա

12:06, 5 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով հունիսի 6-7-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այց կկատարի Մոսկվա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով` Ռուսաստանի գործընկերոջ հետ բանակցություններից և ասուլիսից զատ, Զոհրաբ Մնացականյանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների, Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը կանդրադառնա երկկողմ և բազմակողմ հարթակներում երկու երկրների ջանքերի համադրման հարցերին, կարծարծվի նաև Ղարաբաղյան հիմնախնդիրը: Նախարարները հանդես կգան նաև համատեղ մամլո ասուլիսով, որտեղ կամփոփեն բանակցություններն ու դրանց արդյունքները: Նախատեսվում է նաև նախարարի հարցազրույցը ռուսական հեղինակավոր լրատվամիջոցներից մեկին: 

«Հունիսի 11-ին նախարար Մնացականյանը Ալմաթիում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին»,-ասաց Բալայանը:

Հունիսի 18-19-ը Հայաստան կայցելի Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը: «Ծրագրվում են հանդիպումներ Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ»,- հավելեց նա:


© 2009 ARMENPRESS.am